Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Երիտասարդների հոգևոր որոնումները

Երիտասարդների հոգևոր որոնումները
02.07.2026 | 12:19

Երիտասարդության մասին խոսելիս ժամանակակից մշակույթը սովորաբար դիմում է կենսաբանական և հոգեբանական կատեգորիաների՝ ուժ, բացսրտություն, ապագա, ինքնիրացում։ Սակայն քրիստոնեական աստվածաբանության տեսանկյունից այս լեզուն հաճախ կանգ է առնում արտաքին նկարագրության մակարդակում, քանի որ չի հասնում մարդու գոյության հիմնարար խնդրին՝ ճշմարտության առջև կանգնելու կարողականությանը։ Մարդու ինքնությունը չի որոշվում միայն կյանքի որևէ փուլով. նրա էությունը բացահայտվում է Աստծու կանչի մեջ, որով նա հրավիրվում է ապրելու ճշմարտության հարաբերության մեջ։

Սուրբ Գրքի առաջին էջերից մարդը ներկայացվում է որպես Տիրոջ կանչին պատասխանող արարած՝«Տերը կանչեց մարդուն և ասաց նրան՝ որտե՞ղ ես» (Հմմտ. Ծննդ. 3․9)։ Տիրոջ դիմումը պարզապես տեղեկություն ստանալու փորձ չէ, այլ գոյաբանական դիմում, որը բացահայտում է մարդու իրական վիճակը Նրա առաջ։

Երեմիա մարգարեի կոչման պատմության մեջ Աստված քանդում է մարդու ինքնարդարացման վերջին հենարանը. «Մի՛ ասա՝ ես երեխա եմ» (Երեմիա 1․7)։ Այստեղ մարդու ինքնընկալումը չի դառնում կոչման չափանիշը. ընդհակառակը, աստվածային կանչն է վերափոխում մարդու ինքնագիտակցությունը։ Քրիստոնեական աստվածաբանության համար սա հիմնարար սկզբունք է. մարդը նախ չի սահմանում իրեն, որպեսզի հետո ընդունի Աստծուն, այլ Աստծու խոսքն է նորովի բացահայտում, թե մարդն իրականում ով է։

Ժամանակակից մշակույթի ճգնաժամը, առաջին հերթին պայմանավորված չէ գիտելիքի կամ տեղեկատվության պակասով, այլ ճշմարտության նկատմամբ վստահության քայքայումով։ Երբ ճշմարտությունը փոխարինվում է հարաբերականության, հասարակական համաձայնության կամ օգտակարության չափանիշներով, մարդը դժվարանում է լսել Աստծու ձայնը։ Հավատը, հետևաբար, պարզապես անձնական նախասիրություն կամ մասնավոր համոզմունք չէ. այն մարդու ամբողջ գոյության պատասխանն է ճշմարտությանը, որն իրեն է հայտնվում։

Նոր Կտակարանում Քրիստոսի հանդիպումը երիտասարդի հետ մշտապես պահանջում է արմատական որոշում։ «Թող մեռելները թաղեն իրենց մեռելներին» (Մատթ. 8․22) խոսքը բացահայտում է, որ Աստծու արքայության կանչը չի կարող ամբողջությամբ ենթարկվել սովորական սոցիալական կամ ընտանեկան տրամաբանությանը։ Ավետարանը չի խոստանում պարզապես ավելի բարեկարգ կյանք. այն մարդուն հրավիրում է նոր գոյության, որի կենտրոնում Քրիստոսն է։

Ուստի երիտասարդի հոգևոր որոնումը դժվար է սահմանափակել որպես ինքնության ձևավորման բնական փուլ։ Ավելի ճիշտ կլինի այն հասկանալ որպես ժամանակ, երբ մարդը կանգնում է ճշմարտության դատաստանի առաջ։ Սակայն այդ դատաստանը կործանարար չէ. այն մերկացնում է կեղծ ինքնությունները, որպեսզի մարդը կարողանա ընդունել իր իսկական կոչումը։

Հայ եկեղեցական ավանդության մեջ այս իրողությունը հատկապես տեսանելի է նահատակության և վկայության աստվածաբանության մեջ։ Եղիշե պատմիչը Վարդանանց պատերազմը ներկայացնում է ոչ միայն որպես ռազմական պատմություն, այլ նախ՝ որպես հավատքի ճշմարտության վկայություն։ Այստեղ երիտասարդ մարտիկի արժեքը չի պայմանավորվում նրա կենսաբանական ուժով կամ հերոսական բնավորությամբ, այլ այն պատրաստակամությամբ, որով նա իր ամբողջ գոյությամբ վկայում է ճշմարտության մասին։

Գրիգոր Նարեկացու աստվածաբանության մեջ մարդը ներկայանում է որպես խախտված գոյություն, որը կանգնած է Աստծու առաջ՝ զուրկ ինքնարդարացման բոլոր միջոցներից։ «Մատյան ողբերգության» մեջ գրեթե բացակայում է հոգեբանական ինքնամխիթարությունը. դրա փոխարեն հնչում է գոյաբանական աղաղակ, որը հանգիստ ու խաղաղություն չի գտնում, մինչև չհանդիպի Աստծու շնորհին։ Այստեղ հոգևոր որոնումը չի վերածվում ինքնազարգացման մեթոդի, այլ դառնում է գոյության ճշմարտության աստիճանական բացահայտում։

Սուրբ Հայրերի ավանդության մեջ՝ Աթանաս Ալեքսանդրացի և Կապադովկյան հայրեր, փրկությունը մարդու բարոյական կատարելագործման արդյունքը չէ։ Այն մարդու գոյաբանական վերափոխումն է՝ աստվածային կյանքին մասնակցության միջոցով։ Այդ պատճառով երիտասարդության հոգևոր որոնումը կորցնում է իր քրիստոնեական բովանդակությունը, երբ այն սահմանափակվում է ինքնիրացման կամ անձնական հաջողության «նախասիրությամբ»(ձգտումով)։

Քրիստոսի խոսքը՝ «Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը» (Հովհ. 14․6), ցույց է տալիս, որ ճշմարտությունը գաղափար կամ վերացական սկզբունք չէ, այլ կենդանի Անձ։ Հետևաբար մարդու հարաբերությունը ճշմարտության հետ չի կարող մնալ անվերջ որոնման վիճակում. այն կոչ ու կանչ է վստահության, հետևելու և որոշման։ Քրիստոսի հետ հանդիպումն է, որ շնորհի միջոցով մարդուն հնարավորություն է տալիս մտնելու Ավետարանում վկայվող նոր կյանքի մեջ։

Պողոս առաքյալը գրում է. «Մի՛ համապատասխանեք այս աշխարհին, այլ նորոգվեք ձեր մտքի նորոգմամբ» (Հմմտ. Հռոմ. 12․2)։ Այս խոսքերը մերժում են մշակութային համակերպումը որպես հոգևոր չափանիշ։ Երիտասարդությունը, որքան էլ ստեղծագործ և գործուն լինի, ինքնին արժեք չէ, եթե չի բացվում Աստծու ճշմարտության վերափոխող ներգործության առաջ։

Այս տեսանկյունից երիտասարդի հոգևոր որոնումը կարելի է հասկանալ որպես մեկ ամբողջական ընթացք՝ հին ինքնության քայքայում և նոր մարդու ծնունդ։ Քրիստոնեական կյանքի յուրահատկությունը հենց այստեղ է. մարդը չի գտնում իր իսկական անձը, մինչև պատրաստ չլինի հրաժարվել այն ինքնությունից, որը կառուցել էր Աստծուց անկախ։

Այսպիսով, երիտասարդությունը պարզապես ինքնության ձևավորման շրջան չէ։ Այն այն վճռական պահն է, երբ մարդը կանգնում է ճշմարտության առջև և կոչվում է պատասխանատվության։ Ճշմարտության Քրիստոսի անձի մեջ հայտնվելն այլևս չի կարող ընկալվել որպես սոսկ ընտրության հնարավորություն, այլ՝ պատասխանատվություն, քանի որ Քրիստոսի կանչը միշտ ուղղված է մարդու փրկությանը և նոր կյանքին. այն կամ ընդունվում, կամ՝ մերժվում է, իր բոլոր գոյաբանական հետևանքներով։

Իսահակ եպիսկոպոս Պողոսյան

Դիտվել է՝ 630

Մեկնաբանություններ